Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Օլիմպիադան` օլիմպիադա, ֆուտբոլն էլ` ֆուտբոլ

Օլիմպիադան` օլիմպիադա,  ֆուտբոլն էլ` ֆուտբոլ
11.02.2014 | 12:01

Այս օրերին թեև համայն աշխարհն ապրում է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերով, բայց այնպես էլ չէ, որ բոլորիս այնքան հարազատ ֆուտբոլը դադարել է հետաքրքրելուց. եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում այնպիսի խաղեր են, որ, պատկերավոր ասած, մերը մանուկ կարող է ուրանալ:
Առաջնահերթության կարգով նախ անդրադառնանք բունդեսլիգայի խաղերին, որտեղ Հենրիխ Մխիթարյանը ոգևորության որոշակի նշույլներ դեռև պահպանած հայությանս բեկորներին ուրախացրեց` «Վերդերի» դարպասը սիրտ շոյող երկու գնդակ ուղարկելով: Սա ավելի քան տեղին էր, քանի որ վերջին ժամանակներս մեր տղայի հնարավորությունների նկատմամբ գերմանացիների մեջ հավատի որոշակի տեղաշարժ էր եղել: Հավելենք, որ «Բորուսիան» հաղթել է 5։1 հաշվով ու շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում, ինչն այս ամբիցիոզ թիմի պլաններում բնավ էլ երազանքների գագաթնակետ չէ ու չի էլ կարող լինել: Տուրի հանդիպումներում հաղթական եղան նաև «Բավարիայի» ու «Բայերի» հանդիպումները «Նյուրնբերգի» (2։0) ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ (1։0):
Անգլիայի առաջնությունում ֆանտաստիկ խաղ ցուցադրեց չորրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» ու դա, ոչ ավելի-ոչ պակաս, «Արսենալի» հետ հանդիպումում: Արդեն քսաներորդ րոպեին «Լիվերպուլը» հաղթում էր 4:0 հաշվով ու հաղթում էր մի թիմի, որը բացառիկ հաջող պաշտպանական գիծ ունի: Մի խոսքով, խաղի 5:1 հաշիվը ոչ թե սառը ցնցուղ էր, այլ սառցե ցնցուղ էր առաջատարի համար: Բնականաբար, դրանից իսկույն օգտվեց «Նյուքասլին» 3:0 հաշվով հաղթած «Չելսին» ու ստանձնեց առաջատարի դերը: «Նորվիչի» հետ ոչ-ոքի` 0:0 խաղացած «Մանչեստր Սիթին» երրորդ հորիզոնականում է:
Ընդամենը մեկ տուրով մաքուր առաջին տեղում հայտնված Մադրիդի «Աթլետիկոն» արտագնա խաղում 0։2 հաշվով զիջեց «Ալմերիային» ու միանգամից նահանջեց երրորդ հորիզոնական: Իրենց շանսը բաց չթողեցին ինչպես «Ռեալը», այնպես էլ «Բարսելոնը»: Առաջինը սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ, երկրորդը հյուրընկալվելիս գերազանցեց «Սևիլիային»` 4:1: Տևական դադարից հետո նշանառությունը կարգի բերեց Մեսին` դառնալով երկու աննման գոլի հեղինակ, ինչը չի կարող չուրախացնել ֆուտբոլային այս հրաշքի միլիոնավոր երկրպագուներիս: Որքան էլ ի միջի այլոց հնչի, պիտի ասեմ. նկատե՞լ եք, որ մեր Հենրիխ Մխիթարյանի խաղում որոշակի անկում սկսվեց այն բանից հետո, երբ Մեսին վնասվածք ստացավ ու բավական երկար ժամանակ բաց թողեց խաղերը: Հիմա տեսնո՞ւմ եք, որ այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Հավելենք, որ Իսպանիայի առաջնության առաջատար եռյակն այս պահի դրությամբ ունի միավորների նույն քանակը` հիսունյոթ:
Իտալիայի առաջնությունում փոքր-ինչ դադար առավ «Յուվենտուսը»` հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 խաղալով «Վերոնայի» հետ: Իրարից խաղաղասիրաբար բաժանվեցին նաև աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռոման» ու «Լացիոն»: Եռյակից միակ ագրեսիվ պահվածք դրսևորողը «Նապոլին» էր, որ 3:1 հաշվով պարտության է մատնել անհաջող մրցաշրջան անցկացնող «Միլանին»:
Ֆրանսիական դիվիզիոնում ՊՍԺ-ն իր հիմնական մրցակցի` «Մոնակոյի» հետ խաղը հյուրընկալվելիս ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով` պահպանելով նրա նկատմամբ ունեցած հինգ միավորի առավելությունը: Այստեղ երրորդը «Լիլն» է` «Մոնակոյից» վեց միավորի հեռավորությամբ:
Ճիշտ է, ո՛չ եվրոպական գերտերություն է ներկայացնում, ո՛չ էլ գերակումբ է Գյումրու «Շիրակը», սակայն եկեք նրան էլ հիշենք ամերիկյան ուղևորության ընթացքում «Լոս Անջելես Գալաքսիի» հետ ունեցած խաղով: Հանդիպումն այդ ավարտվել է 2:1 հաշվով, սակայն «Շիրակը» մրցակցին զիջել է ոչ նրա համար, որ ավելի թույլ է եղել: Չհավատաք: Սո՛ւտ է: Պարզապես տղաները ճանապարհից հետո մի փոքր հոգնած են եղել (մի հարցնող լինի, թե էդ Ամերիկա՞ն ինչու է էդքան հեռու):
Գյումրեցիների հնարավոր պարտության մի տարբերակ-բացատրություն էլ կա, սակայն չգիտեմ` ասե՞մ, թե՞ չասեմ: Լավ, ասեմ: Տղերքը խորապես տպավորված են եղել ու, տպավորված լինելով հանդերձ, նաև խորապես ազդվել են նրանից, որ «Գալաքսիի» մարզադաշտում Հայաստանի հայերից ավելի շատ հայ են տեսել, իսկ գյումրեցիները չափազանց տպավորվող ու ամեն ինչ սրտին մոտ ընդունող մարդիկ են: Սա փաստում եմ որպես մեկը, ով նույնպես հայրաքաղաքային ծագմամբ անձ է: Այսքան բան:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ